Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և մեծահասակները և երեխաները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։
Կենտրոնն իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում:
Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ փոքրահասակների սենյակները:
Կենտրոնում գործելու են նաև արոմատոթերապիայի և օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի և թթվածնային կոկտեյլի միջոցով:
Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաև մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:
«Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված եւ արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար:
Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրունդիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային եւ հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները եւ այլ կարգի հիվանդություններ:
Այստեղ կարող են դիմել նաեւ առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու եւ սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար: Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում: Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ:
Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տեւողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե»,- ներկայացրեց Սերժիկ Գալստյանը: