Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից։
Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Սարգսյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Նա արձակուրդի ընթացքում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում` ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Նախագահականից տեղեկացրել էին, որ Արմեն Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար: