ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնեց, որ նախագիծով ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները կպաշտպանվեն, առկա օրենսդրական բացերը կլրացվեն։
Նա մանրամասնեց, որ ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցումը կարգավորված չէին օրենքով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը։
Նանուշյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքում նախատեսված փոփոխությամբ էլ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատեց, թե այնպիսի տպավորություն է, որ կատարվող փոփոխություններով ավելի շատ խրախուսվում է վարակվելը։
Լենա Նանուշյանը պարզաբանեց, որ նման նպատակ չեն հետապնդում։ Նրա խոսքով՝ տարիներ առաջ խտրական մոտեցումներ են որդեգրել, իսկ այսօր հիվանդությունը վտանգավոր չէ, կա արդյունավետ բուժում։ Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ իրենց համար հիմա առաջնայինը բժշկական ծառայությունների ընդլայնումն է։