Եվրամիությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բաշխմանն աջակցելու և պատվաստումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Ծրագիրը ԱՀԿ-ի կողմից կիրականացվի երեք տարվա ընթացքում: Նախաձեռնությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվում է շուրջ 40 մլն եվրոյով: Նպատակն է աջակցել ԱՀԿ-ին՝ Եվրոպայի տարածաշրջանում գտնվող 6 երկրներում պատվաստումների գործընթացը կազմակերպելու և անցկացնելու հարցում:
Ըստ հաղորդագրության՝ ծրագրի միջոցներն ուղղվելու են նախապատրաստական աշխատանքների կատարմանն ու պատվաստանյութի բաշխմանը: Շեշտը դրվելու է ռազմավարական ծրագրային ոլորտների հրատապ պահանջների վրա, ինչպիսիք են պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները և պարագաները, ինչպես նաև բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները: