ԼՀԿ-ական պատգամավոր Հրանտ Այվազյանը չորեքշաբթի կայացած ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց իր 6 ամիս առաջ հնչեցրած հարցն այն մասին, թե որքանով են դիմակների տուգանքներն ազդում վիրուսի տարածման վրա: Հիմա արդեն գրեթե ոչ ոք դիմակ չի կրում, մարդիկ տրանսպորտից օգտվում են՝ գնում ցույցերի, հանրահավաքների, այդ թվում՝ վարչապետի կոչերով:
Հանրահավաքներին ներկա են վարչապետը, ոստիկաններ, որոնք նախկինում օրական մեծ քանակությամբ տուգանքներ էին գրում այդ քաղաքացիների վրա: Պատգամավորին հետաքրքրեց, թե ինչն է այժմ փոխվել, գուցե պարզվել է, որ դիմակ կրելն անարդյունավե՞տ է…
Հարցին պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք մշտապես հետևում ենք բոլոր այն խորհրդատվություններին, որոնք միջազգային մասնագիտական կառույցների կողմից են տրվում: Դիմակների կրումը պահպանում է իր դիրքը՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում:
Աշնանը, երբ մենք ունեցանք բավականին բարձր հիվանդացության թվեր, և մեր բնակչությունը՝ անսալով մեր հորդորներին, սկսեց ավելի լուրջ վերաբերվել ու կրել դիմակներ, ունեցանք հիվանդացության կառավարելիության շատ լավ ցուցանիշներ:
Լավ ցուցանիշները բնակչության մոտ հանգստության զգացողություն են առաջացրել, և շատերը նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակներ»,- ասաց նախարարը:
Նա հենց այս հանգամանքի հետ է կապում վերջին երկու շաբաթների կորոնավիրուսային թվերի աճը. թեստերի 14 տոկոսն այսօր դրական է եղել: Իսկ դիմակների կրումն օգնել է ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև սուր շնչառական մյուս հիվանդությունների թվի նվազմանը: