Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է։ Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության 39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ: Այս մասին հայտնում ՀՀ առողջապահության նախարարությունը։
2019 թվականին ԱՀԿ-ի իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են:
STEPS ազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ և ճարպակալում: Տղամարդկանց մոտ ավելցուկային քաշի և ճարպակալման ցուցանիշները կազմել են 45.4%, իսկ կանանց մոտ` 50.1%: Ավելցուկային քաշն ու ճարպակալումն աճում են տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում առավել քան անհրաժեշտ է վերահսկել մարմնի զանգվածը, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունները փաստում են ավելցուկային քաշի/ճարպակալման և կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի միջև պատճառահետևանքային կապը: Ճարպակալում ունեցողների մոտ առկա են հիվանդություններ, որոնք վատթարացնում են COVID-19-ի ընթացքը. 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ճարպակալումը խթանում է թոքաբորբի արագ զարգացումը: