Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով: Հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց նման առաջարկով դիմել ԱԺ-ին:
Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը բացատրեց, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվել է մի ժամանակահատվածում, երբ ԱԺ-ը պատրաստվում էր գնալ հերթական արձակուրդ, այնուհետև՝ սեպտեմբերից հետո տեղի ունեցած պատերազմական վիճակում, աշխատանքները մնացել են առկախված: Ուստի՝ ամբողջական աշխատանքները վերջնականացնելու համար քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ աշխատանքներն ամփոփելու համար։
«Տեղեկատվության համար դիմել ենք պետական մարմիններին, հետևաբար, մինչև այդ տեղեկատվության ստացումը և վերլուծությունը, ամփոփումը, զեկույցի կազմումը, մեզ անհրաժեշտ կլինի ևս 6 ամիս»,- ասաց հանձնաժողովի անդամը։
Նշենք, որ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու համար ԱԺ-ին դիմելու որոշումն ընդունվեց միաձայն: