ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն, եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախարարն՝ անդրադառնալով ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի հետ կապված հնարավոր սահմանափակումներին:
«Դա ցանկալի տարբերակ չէ, բայց եթե պարտադրված լինենք, ստիպված պիտի անենք: Պետք է ամեն ինչ անենք, պետք է պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որպեսզի դա չլինի: Բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, կանենք։ Դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց նա և հորդորեց ամեն կերպ պահպանել հակահամաճարակային կանոնները։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է։