Քաղաքացիների շրջանում պատվաստվելու պահանջարկ կա։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները հերթագրվում են պոլիկլինիկաներում, սակայն պատվաստվում են նրանք, ովքեր թիրախային խմբում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա հստակեցրեց, որ առաջին փուլում պետք է պատվաստվեն քրոնիկ հիվանդները, բժիշկները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Պատգամավորն ասաց, որ պատվաստումները միայն կամավորության սկզբունքով են լինելու՝ անվճար, իսկ վճարովի պատվաստման մասին դեռևս խոսք չկա:
Ըստ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ պետք է գիտակցել, որ համավարակի դեմ պայքարի միակ լուծումը պատվաստումն է։
Նրա տեղեկացմամբ՝ ՌԴ-ի հետ բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի որոշակի չափաքանակ ձեռք բերելու համար։
«Միասնական եվրոպական հարթակի հետ կա պայմանագիր, պայմանավորվածություն, արդեն փոխանցվել է մոտ 800 մլն դրամի չափով գումար՝ «Pfizer», «AstraZeneka» և «Modera» ֆիրմաների պատվաստանյութեր ձեռք բերելու համար»,- ասաց Զեյնալյանը։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ պատվաստանյութի 20 հազար չափաքանակ արդեն տրվել է Հայաստանին՝ որպես նվիրատվություն, պատվաստվել են հիմնականում բուժաշխատողները և ռիսկի խմբի քաղաքացիները:
Անդրադառնալով «AstraZeneka» պատվաստանյութի հետևանքով առաջացող առողջական խնդիրներին, նա նշեց, որ այդ մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն։ Զեյնալյանի խոսքով՝ ԵՄ Դեղերի գործակալությունը հստակ ֆիքսել է, որ մահերի անմիջական պատճառների և պատվաստումների միջև կապն ապացուցված չէ:
Պատգամավորի գնահատմամբ՝ համավարակի 2 ալիք արդեն հաղթահարել ենք։ Նրա կարծիքով՝ հիմա համավարակի 3-րդ ալիքն է, քանի որ վարակակիրների թվերը շարունակաբար աճում են, թեև վերջին մեկ շաբաթում ցուցանիշները համեմատաբար կայուն են։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի բրիտանական նոր շտամին, Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ դրա մահաբերության ցուցանիշն ավելի ցածր է։