«Astra Zeneca»-ով պատվաստման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնց մասին այսօր՝ ապրիլի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն ասաց, որ Astra Zeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 և բարձր տարիքի քաղաքացիներն են, 55 տարեկանից բարձր բուժաշխատողներն ու քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները:
«Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում մենք այս պահին սահմանել ենք հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 55 տարեկան»,- ասաց նախարարը:
Նախարարը հավաստիացնում է, որ ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, եթե Sputnik V-ի նոր խմբաքանակ ներմուծվի, 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Sputnik V-ով:
«Նման բաժանում ենք արել, որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները, և մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ի՞նչ պատվաստանյութ պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հիվանդանալուց զերծ մնալու, անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու հնարավորություն տալ, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,- ասաց Ավանեսյանը: