Այսօր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն լարված է։ Մենք օրական միջինը 800-900 պացիենտ ենք ունենում, որոնք բժշկական օգնություն են ստանում կա՛մ հիվանդանոցային պայամաններում, կա՛մ տանը։ Այս մասին Կառավարության նախորդ տարվա կատարողականը ներկայացնելուց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նա նշեց․
«Որոշ ուժերի, որոշ մարդկանց կողմից փորձ է արվում խաթարել պատվաստումների նկատմամբ հանրության վստահությունը, ինչի դեմ շատ լուրջ պաքար ենք տանելու։ Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է լայնածավալ պատվաստումների գործընթացը, և մեր քաղաքացիները այցելում են տեղամասային պոլիկլինիկաներ՝ պատվաստում ստանալու նպատակով»։
Նա նշեց, որ երեկ պատվաստումների հետ կապված մի քանի սուտ տեղեկություններ են հնչել։
«Այն բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում, մենք փոխանցելու ենք Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Սա ազգային անվտանգության հարց է։ Սուտ տեղեկությունը խաթարում է կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ գործընթացը, որն ուզում է իրագործել Կառավարությունը և մեր բնակչությանն ազատել այս աղետից»,-ասաց նախարարը։
Նշենք, որ լրատվամիջոցներում երեկ տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ «Աստրա Զենեկա»-ով պատվաստելուց հետո Հայաստանում մարդ է մահացել, ինչը հերքվել էր ԱՆ-ի կողմից։