Ինչպես ավելի վաղ հայտնել էր Առողջապահության նախարարությունը՝ ապրիլի 19-ից սկսվում են Սպուտնիկ V-ով պատվաստման լայնամասշտաբ միջոցառումները հայաստանյան պոլիկլինիկաներում։
Պատվաստման գործընթացի մանրամասների մասին տեղեկանալու համար Armenia Today-ը զրուցեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։ Նա հաստատեց, որ այսօրվանից մայրաքաղաքային ու մարզային պոլիկլինիկաներում սկսվել են Սպուտնիկ V-ով պատվաստումները։
«Բաշխման գործընթացն ավարտվել է, և այսօրվանից արդեն նաև Սպուտնիկ V-ով պատվաստումներն են սկսվել։ Կա նախարարի հրաման, ըստ որի՝ 18-54 տարեկան քաղաքացիները պատվաստվելու են Sputnik V-ով, իսկ 55-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիները՝ AstraZeneca-ով»,- ասաց Խաչատրյանը։
Նա բացատրեց, որ միջազգային փորձագիտական հարթակում ապացուցվել է տվյալ տարիքային խմբում AstraZeneca-ի առավել արդյունավետությունը։
Մեր հարցին, թե որքան ժամանակ անց է կատարվում Սպուտնիկ V-ի երկրորդ դեղաչափի ներարկումը, Խաչատրյանը բացատրեց, որ առաջին պատվաստումից հետո նվազագույնը 21 օր պետք է սպասել։
Իսկ պատվաստումների կողմնակի ազդեցությունների, բուժառուին հետպատվաստումային շրջանում վերահսկելու և առկա վիճակագրության մասին Armenia Today-ը զրուցեց բժիշկ համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկացած պատվաստված անձ պետք է առաջին 30 րոպեների ընթացքում մնա բժշկի հսկողության տակ, ինչից հետո նրա հետ կապ է պահպանվում հեռախոսով, որպեսզի ճշտվի հաջորդ օրը, 2 օր անց գրանցված հեռավոր ազդեցությունն առողջության վրա։
Մինչ այժմ գրանցվել են թեթև, տեղային և ընդհանուր հետպատվաստումային դեպքեր, այսինքն այն, ինչ սպասելի է ցանկացած պատվաստումից հետո։ Դա է՝ ներարկման տեղի կարմրություն, ցավոտություն՝ առաջին մեկ-երկու օրերի ընթացքում, ջերմության բարձրացում, գլխացավ, մկանացավ։ Բայց սա թույլատրելիի սահմանում է, որը չի գերազանցել մյուս պատվաստանյութերից գրանցվող դեպքերը։