Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր էջում գրառում է կատարել․
«Տեղեկացնում ենք, որ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ․-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, հրաժարվել է հոսպիտալացումից:
Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի:
Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա: Այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ»:
Հիշեցնենք, որ Armenia Today-ի հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել ավտովթար:
Նրա խոսքով՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար, զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։