Կառավարության նիստում այսօր ընդունվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Դրանով հնարավորություն է ստեղծվում կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները և բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Ինչպես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ այն անձինք, ովքեր ցանկություն ունեն երեխա ունենալ, անհարկի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից։
«Տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը և այսուհետ նաև մարզային ԲԿ-ները հնարավորություն կունենան որոշակի ծառայություններ մատուցել։ Նախկինում այն ամբողջական մի համալիր ծառայություն էր, լիցենզավորման սարքավորումների բավական բարձր պահանջներ էին դրված»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ որոշ ծառայություններ հնարավոր է ստանալ նաև մարզում, ամեն անգամ մայրաքաղաք հասնելու կարիք չկա։
Ինչպես պարզաբանեց Ավանեսյանը՝ կարիք կա նաև դոնորների, փոխնակ մայրերի մեկ միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծել։ Սա հնարավորություն կտա մի կողմից ավելի վերահսկելի դարձնել օրենքով նախատեսված չափորոշիչներով համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացիներին, իսկ մյուս կողմից հնարավորություն կլինի հսկել, որպեսզի մեկ դոնորը սահմաված քանակից ավել դոնորություն չանի տարբեր բժշկական կենտրոններում։ Դադարեցվել է նաև սաղմի ավելցուկը թափոնացնելը, դրանք պարզապես որպես նվիրատվություն կհատկացվեն կարիքն ունեցող անձանց։