Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է:
Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 402 դեպք, որից 373-ը մինչև 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:
Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Հիշեցնենք, որ Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել էր աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գործոնով պայմանավորված բռնկումներին: