Մինչ օրս 3500-ից ավելի դիակի ու մասունքի փորձաքննություն է անցկացվել։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։
«Պատերազմական իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ աշխատելաոճ ցանկացած բնագավառի համար։ Աշխարհի որևէ առաջադեմ երկիր, անգամ ամենազարգացած երկիրը պատրաստ չի նորմավորված փորձաքննություններից տասնյակ և հարյուրավոր անգամ ավել փորձաքննություններ կատարելուն։
Սա ֆորսմաժորային վիճակ էր, սակայն պատերազմի առաջին օրվանից ձեռնարկել ենք սառնարանային համակարգի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներ»,- ասաց դատաբժշկական փորձագետը՝ հավելելով, որ Գորիսում, Ստեփանակերտում, Մարտունիում իրենց հիմնարկի պահանջով և ՊՆ օժանդակությամբ ստեղծվել են այդ շարժական սառնարանները։
Իսկ թե ինչո՞ւ են այս սառնարանային համակարգերի առկայության դեպքում անգամ դիակների մասունքների մեջ եղել ճանճեր ու որդեր, կապված է նրա հետ, որ գործ են ունեցել ոչ թարմ դիակների հետ, այսինքն՝ ուշ հայտնաբերված մարմիններ են եղել, որոշ դեպքերում էլ թաղված ու արտաշիրիմված դիեր, որոնք դաշտային պայմաններում մնալով արդե՛ն այդպիսին են եղել։ Միայն պատերազմի առաջին երկու օրն են եղել թարմ դիեր։ Հետագայում դիերը ոչ հայկական սահմանում են եղել ու ուշ են վերադարձվել։
Ինչ վերաբերվում է հայտնաբերված դիակներին, ապա Գևորգյանը նշեց, որ դրանք իրենց մոտ բերվում են պոլիէթիլենային դիապարկերով, դրանց տրվում է եռաթիվ կոդ, բոլորն անխտիր մատենավարվում են, որևէ թաքցրած դիակի մասին խոսք լինել չի կարող։ Մասնագետն ասաց, որ վիրավորական է համարում թաքցրած դիակ արտահայտությունը, քանզի իրենց կառույցի նպատակը հնարավորինս շատ նույնականացում ստանալն է։
Հիշեցնենք, որ օրերս Աբովյանի տուբերկուլոզային հիվանդանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել են զինծառայողների դիեր, որոնք պատերազմի ավարտից ամիսներ անց դեռևս պոլիէթիլենային պարկերում դրված են եղել։ Ծառայողական քննության արդյունքում ազատվել է 3 աշխատակից։