ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացություն է հրապարակել։ Armenia Тoday-ը շուրջ 27 էջանոց եզրակացությունից որոշ հատվածներ է առանձնացրել։
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 2020թ․ նախարարությունում ներքին աուդիտ չի իրականացվել, առկա չի եղել ներքին հսկողության մեխանիզմ կամ դրա սահմանման վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ 2020թվականին, թեև 36 կազմակերպությունների հետ նախարարությունն ունեցել է 500 միլիոն դրամը գերազանցող պայմանագրեր, սակայն դրանցից որևիցե մեկում մշտական ներկայացուցիչ չի ունեցել։
Հաշվեքննիչ պալատի եզրահանգմամբ՝ 2020թ․ ներքին հսկողական համակարգը եղել է ոչ լիարժեք և չի գործել, նախարարությունն իրականացված ծախսերի լիարժեք և ամբողջ ծավալով հսկողություն իրականացնելու բավարար գործիքակազմ չի ունեցել։
Արձանագրվել է մեկ դեպքով կատարողականից փաստացի ավելի, իսկ 401 դեպքով ՝ 6,672․2 հազար դրամ պակաս վճարում։
Եզրակացության մեջ նշվում է, որ հիվանդությունների գերակշիռ մասի համար բացակայել են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցները, որի հետևանքով հնարավոր չէ գնահատել բժշկական ծառայության կամ դրա ծավալների համապատասխանության գնահատման գործող համակարգի արդյունավետությունը։ Բացի այդ, ԱՆ-ում, ըստ Հաշվեքննիչ պալատի, գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվել է աշխատակիցների՝ գործուղումից վերադառնալուց հետո։
«Ընտրանքում ներառված թվով հինգ աշխատակցի սահմանվածից 14,068․9 հազար դրամ ավելի պարգևավճար է վճարվել»,- նշվել է եզրակացության մեջ, ըստ որի՝ նախարարությունը սահմանվածից 16,75 հաստիքային միավորով ավելի հաստիք է ունեցել։
Նախարարությունը, առանց նախարարի համապատասխան հրամանի, 2020թ. մարտի 1-ից լուծարել է քաղաքացիական ծառայության 6 հաստիքային միավորից բաղկացած ներքին աուդիտի վարչությունը: Վարչության 6 հաստիքային միավորի տարեկան աշխատավարձի ֆոնդը 2020 թվականին կազմել է 17,704.7 հազ. դրամ, փաստացի ծախսը՝ 393.4 հազ. դրամ: Ներքին աուդիտի վարչության համար նախատեսված և չծախսված աշխատավարձի և պարգևավճարների ֆոնդը կազմել է 17,311.3 հազ. դրամ: