Հայաստանի Հանրապետության կողմից «Moderna» պատվաստանյութի ձեռք բերման գործընթացը բանակցային փուլում է: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մեկնաբանելով հարցը, թե քննարկվո՞ւմ է արդյոք «Moderna» պատվաստանյութի ձեռքբերումը Հայաստանի կողմից։
Մեր հարցմանն ի պատասխան միևնույն ժամանակ գերատեսչությունից փոխանցել են, որ պատվաստանյութի ներկրման դեպքում Առողջապահության նախարարության կողմից կտրամադրվի պաշտոնական հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Խոսել են կորոնովիրուսային հիվանդության մասին։