Եթե անցած շաբաթ ՀՀ-ում գրանցվում էր կորոնավիրուսային հիվանդության մինչև 200 օրական դեպք, ապա վերջին երկու օրերին գրանցվել է ավելի քան 200 դեպք. երեկ` 220, իսկ այսօր արդեն` 225 դեպք: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա նշեց, որ կա կորոնավիրուսային հիվանդության աճի որոշակի տեմպ, այն այնքան սուր չէ, սակայն մտահոգիչ է և կանխատեսվում է ավելի մեծ աճ:
Մեր տարածաշրջանում գտնվող երկրներում կորոնավիրուսային հիվանդությունը լարված վիճակում է, որոշ եվրոպական երկրներում նույնպես աճում է»,- ասաց Նանուշյանը՝ ընդգծելով, որ այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումները բարձր մակարդակ են գրանցում, առանց այդ էլ ցածր մակարդակի հոսպիտալացումներն այն մարդկանց մոտ են, ովքեր պատվաստված չեն:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարեբախտաբար ՀՀ-ն ունի անհրաժեշտ քանակության պատվաստանյութեր, որոնք անվճար են տրամադրվում, որպեսզի ալիքի ուժգնացմանն ընդառաջ պատրաստ լինենք դիմագրավելու համաճարակին:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ի ժամը 11:00-ի՝ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 2 մահվան դեպք: