Դատախազության հարուցած քրեական գործից հետո արյունաբանական կենտրոնի աշխատակազմը ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս:
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատակիցներն այս լուրն իրենց սրտին մոտ են ընդունել և բնական է, որ այսօր պետք է հանդես գային ասուլիսով։
«Հիմնարկը բավականաչափ ձեռքբերումներ ունի, որը մեզ վստահություն է ներշնչում։ Այդ վստահությունը վայելելու համար այս աշխատակազմն ունեցել է գաղափարներ, նպատակներ ու բավականաչափ մեծ ձեռքբերումների է հասել։ Բնական է, որ մեծ հիմնարկություն է, որն ունի նաև իր խնդիրները, որոնք պետք է լուծվեն և լուծվում են։ Այն հիվանդները, որոնք պառկած են, նույնպես անհանգստացած են երեկ հնչած մեղադրանքների առումով։ Այդ մարդիկ մեզ կյանք են վստահել և մենք փառքով ու պատվով պետք է դուրս գանք այս իրավիճակից։ Այն լուրերը, որոնք երեկ շրջանառվեցին, որևէ աղերս չունեն իրականության հետ»,-ասաց նա՝ նշելով, որ վերոնշյալ գումարները կետ առ կետ ունեն իրենց պատասխանները։
Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, որին ի պատասխան պետք է ներկայացվեն իրենց փաստերը։