Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը:
Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:
«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում`առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր հերթին, հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Ամփոփելով հանդիպումը` մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարևորությունը: Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ` դեռևս այն գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին՝ պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ է՛լ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու` կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը: