«Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը…»,- գրում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ըստ նրա՝ ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների:
ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։
Բեգլարյանը գրում է, որ վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես հետո Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։