Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ:
Այս մասին մամուլի ասուլիսին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, շարունակվել են համառ մարտերը: Մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում: Հիմնական կիզակետերը եղել են հյուսիսային և հարավային ուղղությունները: Մոտ 23-24 ժամվա տարբերությամբ հակառակորդը կրել է որոշակի կորուստներ՝ 130 մահացած զինծառայող և մոտ 200 վիրավոր»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի կողմից վերջին 1 օրում խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1), 11 ԱԹՍ և 1 «Սմերչ»:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: