Որոնք են այն գործոնները, որ կարող են նպաստել պատերազմի ավարտին: Այս հարցը տրվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանի ժողովրդի իշխանություն: Հիմնավորեմ. պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով: Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի ավելի շատ վիրավորներ իրենց կողմից: Տնտեսության քայքայում, որը երկար ժամանակ, տասնամյակներ վերականգնել չի լինելու:
Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն: Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակի ընթացքում փոշիացրած հազարավոր միլիարդ դոլարները: Որովհտեև դա վերջին, գոնե տասը տարվա կուտակված դոլարների մասին է խոսքը: Չեմ ուզում ներկայացնել Ադրբեջանի տնտեսական հիմնավորումը, որովհետև այդպիսի հնարավորություններ ունեցող երկրում չպիտի լինի այնպիսի սոցիալական ճգնաժամ, ինչպիսին տեսնում ենք: Իսկ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը՝ իր իշխանությունների առումով»,- ասաց Հարությունյանը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: