Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիում հայտնեց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
Վերջինիս խոսքով՝ ինտենսիվ մարտերը շարունակվում են հյուսիսային և հարավային ուղղություններով։
Ռազմաճակատում հակառակորդը կիրառում է իր ամբողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, հրետանի, հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
Հայ զինվորականները հերոսաբար հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները՝ ադրբեջանական կողմին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ թվով կորուստներ։
«Հակառակորդը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։ Այսօր ևս Արցախի խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում՝ հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- մանրամասնեց ՊԲ մամուլի պատասխանատուն։
Հիշեցնենք, որ Սրցախի ամբողջ երկայնքով թեժ և համառ մարտեր են ընթանում։ Ռազմաճակատ է մեկնել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ երեկ հրետակոծվել է Ստափանակերտը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Երեկ երեկոյան հասցված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: