Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ազդեցության տակ խախտում են Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված մարդասիրական հրադադարը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։
«Արցախում այս պահին տեղի են ունենում ծանր մարտեր՝ չնայած Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարված հումանիտար հրադադարին։ Դա նշանակում է, որ Անկարան մշտապես ճնշում է գործադրում ադրբեջանական իշխանությունների վրա»,- հայտնել է նա ТАСС-ին։
Հիշեցնենք, որ արցախ-ադրբեջանական շփման գծի երկայքով պատերազմական ակտիվ գործողություններ են սկսվել սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։ Երկշաբաթյա մարտերից հետո Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հայտարարվել է հրադադար:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում:
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել։