«Հայրենիք» կուսակցության կամավորական զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթափոխության։ Այս մասին Armenia Today-ի հետ զրուցի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Նա հայտնեց, որ զորակոչի առաջին իսկ օրից կուսակցությունը սկսել է կամավորականների գրանցումը, և այսօր արդեն աշխատանքները մոտենում են ավարտին։
«Մեր բոլոր գործողությունները համաձայնեցվում են ՊՆ-ի հետ։ Վերջինիս նշանակմամբ էլ պարզ կդառնա, թե կոնկրետ որտեղ կիրականացվի մեր մարտական հերթափոխը»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենց դիմող կամավորականները շատ են։ Մարտակոչի առաջին իսկ օրից՝ հոկտեմբերի 22-ից, գրանցվել են թե՛ կուսակցական, թե՛ անկուսակցական բազմաթիվ պատրաստակամ քաղաքացիներ։ Մեր հարցին, թե որքան է զորախմբի թվակազմը, կուսակցության մամուլի քարտուղարը խուսափեց պատասխանել՝ ասելով, որ դա ռազմական գաղտնիք է։
Հիշեցնեք, որ Արթուր Վանեցյանը մարտակոչով հանդես էր եկել հոկտեմբերի 22-ին՝ նշելով, որ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք:
«Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»,- ասել էր նա։