2020 թ. հոկտեմբերի 29-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Սիրիայի հյուսիսում տեղակայված ահաբեկչական ճամբարից 2020 թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով Ադրբեջան տեղափոխված Աբու Համշեին խմբավորման Աբու Հուսեին 23 ջոկատի անդամ հանդիսացող վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը: Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես հավաքագրված վարձկանների օգտագործմամբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, ագրեսիայի ակտ իրականացնելու, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, հանցավոր հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչություն իրականացնելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 2020թ. հոկտեմբերի 31-ին Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է:
Նշվում է, որ արդեն տեղեկացվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:
Բացի այդ, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի չառնելով նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն, շարունակել մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները, որոնք ուղեկցվել են ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ՝ հարվածներ հասցնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի: