Լայնածավալ մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին ցուցաբերվում է սոցիալական բոլոր անհրաժեշտ աջակցությունը, մասնավորապես՝ կացարան, սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Խնդիրների խորքային ուսումնասիրությունը շարունակվում է, սակայն առաջնային է բնակարանի, սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների տրամադրումը։ Մենք համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ և աշխատում ենք համակարգված կազմակերպել աշխատանքը։ Օգնել ցանկացողները շատ են՝ տարբեր ոլորտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, կամավորներ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ օգնենք բոլորին», – ասել է Բաթոյանը։
Նրա խոսքով՝ սննդամթերքի եւ այլ ծախսերի ապահովման հարցը լուծվում է նաեւ պետական միջոցների հաշվին, մարզպետարաններին այդ նպատակով որոշակի միջոցներ են տրամադրվել: Սակայն դա, բնականաբար, բավարար չէ, և, ըստ Բատոյանի, դեռևս զգացվում է հավելյալ օգնության անհրաժեշտությունը։
«Մեր գործընկերները՝ հիմնականում մասնավոր հատվածը, աշխատում են այդ ուղղությամբ։ Ներկայումս մենք փորձում ենք համակարգել արդեն առկա ռեսուրսները», – հավելել է նա։
Ինչ վերաբերում է թոշակառուներին, կենսաթոշակ ստանալու հարցին, ապա, ըստ նախարարի, այդ խնդիրն արդեն լուծված է, քաղաքացիները կարող են իրենց թոշակները ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ճանապարհով:
«Բացի այդ, մենք լուծել ենք նոր հայտարարություններ ներկայացնելու հարցը։ Այսինքն՝ եթե քաղաքացին միայն թոշակի է գնում կամ վերահաշվարկի կարիք ունի, ապա նա հանգիստ կարող է դա անել Հայաստանի տարածքում։ Դրա համար նա պետք է դիմի սոցիալական ապահովության ծառայության տարածքային գրասենյակ», – նշել է Բատոյանը։
Արցախի բնակիչների հաշմանդամության նպաստը երկարացվել է 6 ամսով, այն նույնպես կարելի է անարգել ստանալ Հայաստանի տարածքում։
Անհրաժեշտ օգնություն, սայլակներ և այլն ստանալու հետ կապված հարցերով քաղաքացիները պետք է դիմեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարարի խոսքով ՝ պետության հոգածության ներքո գտնվող երեխաներն և ծերերը Հայաստան են տեղափոխել դեռևս պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում։ Բաթոյանը նշել է, որ թեժ գծի միջոցով, բացի մնացածից, այդ անձանց տրամադրվում է նաև հոգեբանի անհրաժեշտ խորհրդատվություն: Ծառայությունն աշխատում է ամեն օր ժամը 09:00-ից 21:00 – ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1069 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։