Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներկա ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի են ուղարկվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերն ամբողջովին արյան մեջ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ի դեպ՝ խոսքն արմատականորեն տրամադրված խմբավորումների մասին է։ Նրանք ջիհադիստական գաղափարների կրողն են։ Այս ամենը չի կարող մեզ չանհանգստացնել, քանի որ արդյունքում կարող է ահաբեկչական անկլավ ստեղծվել Անդրկովկասում։ Ռուսաստանն այս մասին բացահայտ հայտարարել է այն ժամանակ, երբ տիրապետել է նման տեղեկատվության»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսաստանը, Զախարովայի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ երրորդ ուժերի միջամտությունը։
«Պետք է գործնականում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը և բանակցությունների վերսկսմանը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով», – ասել է Զախարովան` ավելացնելով, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի նախագահը վերջերս հերթական անգամ մտքեր է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ: