Երեկ համացանցում լայն տարածում գտած հայ ռազմագերու մասնակցությամբ տեսանյութի մասին Armenia Today-ը հեռախոսազրույց ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունու հետ։
«Բոլոր տեսակի հարցերը, որոնք վերաբերում են համացանցում նմանատիպ տեսանյութերի տարածմանը և ֆիքսելուն՝ մեր ուշադրության ներքո են․ զբաղվում ենք դրանցով։
Սակայն գերեվարված մարդկանց մասին մանրամասները մենք քննարկում ենք միայն նրանց ընտանիքների ու համապատասխան իշխանական կառույցների հետ»,- ասաց Ամատունին։
Հարցին, թե Կարմիր խաչը գերիների ընտանքիների հետ կապ հաստատե՞լ է, թե ոչ՝ Ամատունին ասաց, որ նրանց հետ կապ, անշուշտ, կա։ Թե ինչ տեսակի կապ է՝ չնշեց։
Armenia Today-ի հարցին, թե որքան է գերիների ու անհետ կորածների թիվը՝ Ամատունին նույնպես չհայտնեց՝ նշելով, որ դա իրենց աշխատանքի ձևաչափն է։
Հիշեցնենք, որ հայ ռազմագերին 18-ամյա Էրիկ Խաչատրյանն է, որը հոկտեմբերի 12-ից մինչ երեկ համարվում էր անհետ կորած։ Նա կռվել է Ջաբրաիլում։ Ադրբեջանական տիրույթում հայտնված ու կարճ ժամանակ անց ջնջված տեսանյութից պարզ դարձավ, որ նա գերեվարվել է։ Հայ օգտատերերը, սակայն, հասցրեցին նախապես կրկնօրինակել տեսանյութը, որտեղ Ադրբեջանցիներն իրենց տեսակին հավատարիմ՝ ծաղրի են ենթարկում Էրիկին, ապտակում նրան, ստիպում կրկնել հերթապահ բառեր, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Երբ է արվել տեսանյութը՝ հայտնի չէ։