Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը»:
Ըստ վարչապետի՝ այսօրվա խորհրդակցությունը եղել է մի բանի մասին, որ ներկաներից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունն իր կողքին է, իր ընտանիքի անդամն է, իր ցավով ապրողն է, իր տառապանքով տառապողն է: «Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա»,-նշել է նա։
Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ անհետ կորածների հարազատները բողոքի ակցիան էին իրականացրել նաև ՊՆ վարչական համալիրի մոտ, պահանջել Պաշտպանության նախարարի հետ հանդիպում, այնուհետև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի միջնորդությամբ վերջիններս որոշել են հանդիպումն անցկացնել կառավարությունում՝ վարչապետի հետ։