Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:
ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող ՀՀ և ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:
Նշենք, որ հայ ռազմագերիների ու քաղաքացիական գերեվարվածների ստույգ թիվը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։