Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական, հումանիտար և մշակութային օբյեկտները:
Այս մասին հաղորդում է ՀՀ Դատախազությունը։
Այդ շրջանակներում ինչպես ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք:
Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոնշյալ տվյալները ստուգվում են պատշաճ իրավական ընթացակարգով, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ նմանատիպ այլ դրսևորումների վերաբերյալ փաստերի հավաքագրման, նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: