Ինչպես հայտնի է, ուղիղ կեսգիշերին, համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության, վերջին՝ Քաշաթաղի շրջանն անցավ ադրբեջանական կողմին, և ադրբեջանցիներն արդեն մտել են Լաչին։ Ըստ նույն հայտարարության՝ Արցախը Հայաստանին կապող միջանցք էր տրամադրվում՝ 5 կմ լայնությամբ։ Հենց այս հատվածում է գտնվում Բերձոր քաղաքը, և հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է ունենալու այն։ Այս պահին այնտեղ տիրող իրավիճակի և սպասվելիք զարգացումների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։ Մեր այն հարցին, թե ինչ իրավիճակ է ներկայում այնտեղ, Ալեքսանյանն ասաց, որ քաղաքի հայ բնակչությունը չի լքել իր տները, տեղում են նաև ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ տվյալ պահին քաղաքն ադրբեջանական կողմին չի փոխանցվել, սակայն, թե ինչ կլինի մի քանի ժամ հետո, վաղը կամ մի քանի օր հետո, քաղաքապետը չի կարող ասել։ Նա նշեց, որ առայժմ ադրբեջանցիներին չի փոխանցվել նաև Սիս և Աղավնու գյուղերի վերահսկողությունը։
Ի դեպ, երեկ Արցախի Հանրապետության դրոշը Բերձորում իջեցվել է, և մեր այս առնչությամբ հնչեցրած հարցին Նարեկ Ալեքսանյանն այսպես պատասխանեց․
«Այո, Բերձորում Արցախի դրոշն իջեցվել է, սակայն չի բարձրացվել Ադրբեջանի դրոշը, այսինքն, քաղաքում որևէ կողմի դրոշ դեռևս չի բարձրացվելու»։
Փաստորեն, ինչպես ասում են, ապագան մշուշոտ է․․․
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի հետ կապը։