Ռուս խաղաղապահները վերահսկում են (Բերձորի) Լաչինի հինգ կիլոմետր լայնությամբ միջանցքը, որով ապահովվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և մարդկանց վերադարձը նրանց բնակության վայրեր: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 1-ին ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը: Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է Լաչինի միջանցքը՝ հինգ կիլոմետր լայնությամբ։
Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր և քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ։ Նախկին բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 հազար փախստականներ», – հայտնել է գեներալը։
Ինչպես հայտնել է Կոնաշենկովը, խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից մաքրվել են Ստեփանակերտի Զորգե փողոցի պայթունավտանգ առարկաներից և Շուշի-Լիսագորսկ ուղղությամբ գազատարի էլեկտրահաղորդման գծի երկայնքով գտնվող հատվածները: «Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա։ Ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ առարկա», – նշել է Կոնաշենկովը:
Նա նաև հայտնել է, որ մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2,5 կմ կապի գիծ, 1,5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ, 4 հենարան և 1 տրանսֆորմատորային ենթակայան: