ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Facebook-յան էջում գրել է, որ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի երրորդ հանձնաժողովի նախագահողին:
«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով:
Գրության հետ միասին տրամադրել եմ նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը:
Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել:
Հուսանք, մեր կիպրոսցի գործընկերոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը»,- գրել է Սամսոնյանը:
Նշենք, որ վերջին օրերին տարբեր հասարակական շրջանակներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։