Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում, և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը:
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը:
Նշենք, որ վերջին օրերին տարբեր հասարակական շրջանակներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար։