Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը տեղափոխվում է Արցախում բնակվելու։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն»,-գրել է Թանդիլյանը։
Նա հայտնել է, որ այսօր արդեն Արցախում է և հետագա անելիքների մասին հնարավորություն կունենա տեղեկացնելու։ «Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»,-գրել է Թանդիլյանը։