Աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել եմ «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին իր Facebook-ի էջում
գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։
Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել:
Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,- գրել է Հարությունյանն ու հավելել, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմից հետո Արցախում խափանվել են կապի միջոցները։ Կատարվում են վերականգնման աշխատանքներ։