Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները` Ադրբեջանի, Հայաստանի եւ ռուս խաղաղապահների համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: