Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչով բանաձևի ընդունման հետ կապված, հաղորդում Է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից չհիմնավորված և կանխակալ բանաձևի ընդունման կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվելու է ԱԳՆ, և հակառակ կողմի ուշադրությանը կներկայացվի ադրբեջանական կողմի վճռական բողոքը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Բանաձևի ընդունումը Բաքուն գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «ոչ բարեկամական և սադրիչ քայլը»։
«Խորհրդարանի ստորին պալատի կողմից Սենատում կողմնակալ բանաձեւի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ շարունակվող արշավի մասին»,- հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վտանգում է երկրի մանդատը որպես միջնորդ», լուրջ վնաս է հասցնում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին հավանություն է տվել Սենատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որում կոչ է արվում երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: