Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից:
«Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից, եւ հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից», – ասել է Պողոսյանը РИА новости-ին:
Նա նշել է, որ Ղարաբաղի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն ։ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում», – ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն դեռեւս տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն չի տեսնում», նրա խոսքերի սխալ մեկնաբանության հետեւանք է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: