Շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկներն ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն տրամադրել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Ռազմական բժիշկներին դիմած բնակիչները հիմնականում գանգատվել են քրոնիկական տարատեսակ հիվանդություններից, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի խնդիրներից:
Ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մոտ 32 000 փախստականներ են ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում:
Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: