Ռուսական կողմը հատկանշական է համարում այն, որ Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարն իր առաջին այցն այդ կարգավիճակում իրականացնում է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ հանդիպմանը։
«Մենք դուրս ենք գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից։ Կցանկանայի նշել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարության կարևորությունը, որը կանգնեցրել է պատերազմը և ապահովել փախստականներին և ներքին տեղահանվածներին իրենց օջախներ վերադառնալու, տնտեսության վերականգնման և հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների կատարումը», – ասել Է Լավրովը:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, իրական պայմաններ են ստեղծվում Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճող տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների:
«Մենք ամեն կերպ կաջակցենք այդ ուղղությամբ աշխատանքների կատարմանը։ Ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում ակտիվորեն համագործակցում են բնակչության հետ, օգնում են փախստականների վերադարձին, տարածքների ականազերծմանը, բժշկական օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և լուծում այլ հումանիտար հարցեր»,- ընդգծել Է Լավրովը:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր պատասխան խոսքում ասել է, որ որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար՝ Ռուսաստան իր առաջին այցի ընտրությունը լիովին համապատասխանում է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության ոգուն՝ հիմնված մեր երկրների եղբայրական ժողովուրդների խորքային կապերի և դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմը՝ Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ և Մերձավոր Արեւելքից ահաբեկիչ-զինյալների ակտիվ ներգրավմամբ, մեծ ցնցում է առաջացրել:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Սերգեյ Լավրովին՝ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանն ուղղված ջանքերի և հսկայական ներդրման և համար:
«Ստեղծված իրավիճակը, այդ թվում’ տարածաշրջանային մակարդակով, պահանջում է գնահատականներ և լուծումներ, որոնց իրագործումը մենք տեսնում ենք հասարակության և ողջ հայ ժողովրդի համախմբման, Հայաստանում պետական ինստիտուտների գործունեության հստակեցման միջոցով», – ասել է Այվազյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։