Անհետ կորածների հարազատներն արդեն երրորդ բողոքի ակցիան են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդպիսի ակցիայից հետո նրանք շարժվել էին ՌԴ դեսպանատուն ու նամակ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունով։
Դրանից հետո շարժվել էին Պաշտպանության նախարարություն և հանդիպել գերատեսչության ղեկավարների հետ։ Իհարկե, ծնողներն ուզում էին հանդիպել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց ընդունել են որոշ գեներալներ։ Նախարարի հետ հանդիպում խոստացել են երկու օրից, բայց այդպես էլ չեն արձագանքել խնդրանքին։
Անհետ կորածների հարազատները լրագրողների հետ զրույցում ասացին, որ կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում իրենց։ Կտրվել է անգամ անհետ կորածների «երեխաների կաթի փողը», որովհետև նրանց արդեն չեն վճարում իրենց աշխատավայրերում։
Ծնողները փորձել են հանդիպել վերադարձած զինվորների հետ, որևէ տեղեկություն իմանալ իրենց տղաներից, սակայն ապարդյուն, նրանց հետ հանդիպել չի հաջողվել։ Ասում են, որ դրանում նույնպես հրամանատարությունն է մեղավոր։ Վերադարձած զինվորները անձեռնմխելի են․ նրանց արգելում են հանդիպել իրենց հետ։
Ծնողները լրատվականների տեսախցիկների առաջ զանգահարեցին զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, ասացին, որ ինքը պարտավոր է ընդունել 34 ծնողներին։ Ապա, դուռը ջարդելու սպառնալիքի ներքո ստիպեցին իրենց առաջ բացել զորամասի դարպասները։ Հանդիպեցին հրամանատարին ու հորդորեցին համազգեստը փոխել, իրենց հետ քաղաքացիական հագուստով գնալ, կանգնել իրենց կողքին։ Անհետ կորածների հարազատների ու հրամանատարի զրույցը լարված ու պայթյունավտանգ էր։ Հավաքվածները սպառնացին գնալ ամենածայրահեղ միջոցների։ Նրանք շարժվեցին դեպի ՊՆ շենք՝ հանդիպելու գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ ըստ բողոքողների՝ նրանց հարազատ զինծառայողները գտնվում են Զանգիլանի տարածքում։ Արդեն երկու ամիս ոչ մի գործողություն չի իրականացվում նաև զոհերի մարմինները վերադարձնելու համար։ Այդ հատվածում թշնամու հետ կռիվ են տվել 60-ից ավելի զինծառայողներ, սակայն, 34-ը չեն վերադարձել։