Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր տելեգրամյան էջում գրել է․
• Արդեն հայտնի է, որ Ադրբեջանում ռազմական շքերթը կկայանա 2 օրից՝ դեկտեմբերի 10-ին։ Դարձյալ գործ ունենք օրվա խորհրդանշականության հետ…
• Բանն այն է, որ այդ օրը լրանում է Կապանի օպերացիայի 28-ամյակը։ 1992 թ․-ի այդ օրը՝ լուսաբացին, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հաստատած պլանով հայկական ուժերը Սյունիքից 3 ուղղությամբ անցան հարձակման դեպի Ղուբաթլուի ու Զանգելանի շրջաններ։ Առավել հաջող անցավ զանգելանյան օպերացիան, որի հրամանատարն էր Յուրի Խաչատուրովը։ Հաշված ժամերի ընթացքում ազատագրվեց ու չեզոքացվեց կրակակետի վերածված թշնամական 13 գյուղ, ինչի շնորհիվ Կապան քաղաքը դուրս եկավ նկուղային կյանքից։
• 1992 թ․ ամռանը Մարտակերտի, Շահումյանի, Արծվաշենի անկումից հետո սա առաջին հակահարձակողական գործողությունն էր, որն իրականացվում էր միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածքում։ Հաջորդ այդօրինակ հաղթական գործողությունը Քյալբաջարն էր՝ դարձյալ Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի նախանձախնդրությամբ…
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանը մտադիր է արցախա-ադրբեջանական պատերազմում իր հաղթանակի կապակցությամբ շքերթ անցկացնել, որին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու: