Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս զինվորական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 39 հիվանդների, այդ թվում՝ հինգ երեխաների:
Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ։
Այդ բժշկական կետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն անցկացնել զննում և տեղում իրականացնել հիվանդների առաջնային ախտորոշումը.
Ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ավելի վաղ հատուկ բժշկական այս ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երևան, այնուհետև Ստեփանակերտ:
Հիշեցնենք, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։