Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային հատվածում: Մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 500 մետր ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հեկտար տարածք, ավելի քան 23 կիլոմետր ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։ Ականազերծման ժամանակ ռուս սակրավորներն օգտագործում են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը։ Դրա կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը:
Ականազերծմանը մասնակցող զինծառայողները սակրավորների ժամանակակից պաշտպանական հանդերձանքով են և ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ:
Նշենք, որ ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է արցախցիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Անցած մեկ օրում վերականգնվել է երկու հենարան և ավելի քան մեկուկես կմ էլեկտրահաղորդման գիծ։