Կառավարությունն ընդունեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս ժամկետով ամսական 300 հազար դրամի աջակցություն ցուցաբերելու որոշումը։
Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր սույն միջոցառման 1–ին կետում նշված զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից (այսուհետ՝ Նախարարություն) ստացված տվյալները։
Նշենք, որ սույն որոշումը նաև վերաբերվում է գերեվարվածներին։
Հիշեցնենք, որ կառավարությունը չի հրապարակում անհետ կորածների ու գերեվարվածների հստակ թիվը։